Ռուսաստանի շարունակվող աջակցությունը Ուկրաինայի զինված անջատողականներին և Ուկրաինայի ջանքերն ուղղված խաղաղությանը, միասնությանն ու կայունությանը

Ուկրաինայի ճգնաժամի ողջ ընթացքում Միացյալ Նահանգների նպատակն է եղել աջակցությունը ժողովրդավարական Ուկրաինային, որը կայուն է, միասնական, քաղաքականապես ու տնտեսապես ապահով ու կարող է ինքը որոշել իր ապագան: Հետևաբար` մենք աջակցում ենք Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի արտգործնախարարների միջև ընթացող երկխոսությանն ուղղված Ուկրաինայի արևելյան հատվածում՝ Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում կայուն հրադադարի ապահովմանը, որը կբերի տևական խաղաղության: Հարկ է սակայն ընդգծել, որ մեր բուն նպատակը բռնությունների ժամանակավոր դադարեցումը չէ: Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի ապակայունացմանն ուղղված իր քայլերը և Ուկրաինայի տարածքի մաս հանդիսացող Ղրիմի օկուպացիան և թույլ տա Ուկրաինայի ժողովրդին իրենց իսկ երկրի ապագային առնչվող որոշումներ ընդունել ժողովրդավարական քաղաքական գործընթացի միջոցով:

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ներկայացրել է խաղաղության մանրակրկիտ պլան, որում ներառված են սպանություններ չգործած ու զենքերը կամավոր վայր դնող անջատողականների հանդեպ համաներում կիրառելու, Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացման ու ռուսաց լեզվի պաշտպանության մասին խոստումներ:  Նա նաև հունիսի 20-ից միակողմանիորեն 10-օրյա հրադադար իրականացրեց քաղաքական լուծման դաշտ ապահովելու նպատակով, որը ցավոք անջատողականների ու նրանց ռուս հովանավորների կողմից չփոխադարձվեց:

Թեպետ Ռուսաստանը նշում էր, որ խաղաղության է ձգտում, սակայն վերջինիս գործողությունները համահունչ չեն այդ հռետորաբանության հետ: Մենք չունենք ապացույցներ առ այն, որ Ռուսաստանը դադարեցրել է աջակցությունն անջատողականներին: Մեր փաստացի գնահատմամբ Ռուսաստանը շարունակում է խոշոր տրամաչափի զենքեր, այլ ռազմական տեխնիկա ու ֆինանսավորում ապահովել նրանց և թույլ է տալիս զինյալներին ազատ մուտք գործել Ուկրաինա: Ռուսաստանը ժխտում է սա, այնպես ինչպես ժխտում էր իր ուժերի ներգրավվածությունը Ղրիմում՝ բուն փաստից հետո: Ռուսաստանը հրաժարվել է անջատողականներին դիմել զենքը վայր դնելու կոչով և շարունակում է իր զորքերը կուտակել ուկրաինական սահմանի երկայնքով: Անջատողականների բազմաթիվ ինքնահռչակ  «առաջնորդներ»  գալիս են Ռուսաստանից և կապեր ունեն ռուսական իշխանությունների հետ: Այս ամենը ներկայացնում է արևելյան Ուկրաինայի ապակայունացմանն ուղղված ռուսական քաղաքականության խոսուն պատկերը:

Ահա և փաստերը.

  • Ռուսաստանը շարունակում է զգալի տեխնիկա կուտակել Ռուսաստանի հարավ-արևմտյան հատվածում: Այս տեխնիկան ներառում է տանկեր, որոնք այլևս ռուսական զինված ուժերի կողմից չեն օգտագործվում, ինչպես նաև զրահատեխնիկա, բազմակի հրթիռարձակներ, հրետանի և օդային պաշտպանության համակարգեր: Մոտավոր հաշվարկներով Ռուսաստանը կրկնապատկել է այդ վայրում գտնվող տանկերի, զրահատեխնիկայի և հրթիռարձակների քանակը: Այդ վայր են հասցվել օդային պաշտպանության առավել առաջադեմ համակարգեր:
  • Վստահ ենք, որ Մոսկվան ռուսական զինված ուժերի դուրս գրված տեխնիկայի պահեստներից մոբիլիզացնում է հավելյալ տանկեր, որպեսզի ուղարկի հենց այդ վայրը:
  • Մենք մտահոգություններ ունենք, որ այս տեխնիկայի մեծ մասը կարող է փոխանցվել անջատողականներին, քանի որ վստաh ենք, որ այս վայրից Ռուսաստանն արդեն իսկ  նրանց տանկեր ու բազմակի հրթիռարձակներ է հատկացրել:
  • Ըստ առկա տեղեկությունների Մոսկվան վերջերս անջատողականներին է փոխանցել խորհրդային շրջանի տանկեր և հրետանի, իսկ շաբաթ-կիրակի օրերին մի քանի զինվորական մեքենաներ հատել են սահմանը:
  • Անջատողականների ռազմական շարասյուների մասին սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերից կարելի ենթադրել, որ միայն անցյալ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը զինյալներին տրամադրել է առնվազն 20-24 զրահամեքենա, հրետանային տեխնիկա և մոտավորապես նույնքան էլ  բեռնատարներ:
  • Հանրային կայքերում հուլիսի 14-ին ներկայացված տեսանյութերում, որոնցում Լուգանսկի շարասյունն է Դոնեցկի ճանապարհին, երևում են առնվազն 5 միավոր T-64 տիպի տանկ, 4 միավոր БМП-2 տիպի զրահապատ փոխադրամիջոց, БM-21 տիպի բազմակի հրթիռարձակ, 3 միավոր քարշակ հակատանկային հրանոթ,  2 միավոր ЗУ 23-2 տիպի հակաօդային հրանոթ և թերևս 1 միավոր 2Б16 տիպի ականանետ:
  • Իզվարինո սահմանային անցակետի մոտակայքում գտնվող Կրասնոդոն բնակավայրում հուլիսի 11-ին նկարված տեսանյութում երևում են 2 БТР տիպի զրահապատ փոխադրամիջոց, 2 հակատանկային հրանոթ և տարբեր բեռնատարներ, որոնք շարժվում են արևմտյան ուղղությամբ դեպի Դոնեցկ:
  • Հուլիսին 11-ին Դոնեցկում նկարված տեսանյութում երևում է շարասյուն, որտեղ կան 3 միավոր БМД զրահապատ փոխադրամիջոց, 2 միավոր БМП, 1 միավոր 2С9 ինքնագնաց հրանոթ և 1  БТР-60 զրահապատ փոխադրամիջոց:
  • Բացի այդ, անցյալ շաբաթ-կիրակի օրերին, երբ մի քանի քաղաքներ հետ վերցվեցին, ուկրաինական պաշտոնյաները բացահայտեցին գաղտնի պահեստներ, որտեղ նրանց պնդմամբ Ռուսաստանից բերված ապրանքներ էին,  մասնավորապես՝ դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր, ականներ, նռնակներ,  ուտելիքի չոր օրապահիկներ, մեքենաներ և լողացող կամուրջ:
  • Ուկրաինական ուժերն անջատողականներից ազատագրած տարածքներում բացահայտել են Ռուսաստանի կողմից տրամադրված մեծաքանակ ռազմական տեխնիկա, որոնց հետ կան ռուսական ծագումը հաստատող փաստաթղթեր:
  • Ուկրաինայի արևելյան հատվածում անջատողականներին պատկանող ոչնչացված ու վնասազերծված ռազմական տեխնիկայի լուսանկարները հաստատում են այն, որ այդ տեխնիկայի մի մասն եկել է Ռուսաստանից:
  • Անջատողական աշխարհազորայինների հավաքագրման շրջանակներն ընդլայնվել են դեպի Ռուսաստան և անջատողականները փնտրում են այնպիսի կամավորների, որոնք ծանր զինատեսակներ, օրինակ՝ տանկեր ու հակաօդային պաշտպանության համակարգեր գործարկելու փորձ ունեն: Ռուսաստանը թույլատրել է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» պաշտոնյաներին հավաքագրման գրասենյակ հիմնել Մոսկվայում:
  • Ուկրաինացի օդաչու Նադյա Սավիչևան, ով երկար տարիներ պատվով ծառայել է Ուկրաինայի զինված ուժերում, հունիսի կեսերին բռնվել էր անջատողականների կողմից: Ներկայումս նրան պահում են բանտում Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում: Ըստ ուկրաինական իշխանությունների նրան Ռուսաստանին են փոխանցել անջատողականները:
  • Առանձին վերցրած Ռուսաստանը շարունակում է ուկրաինական սահմանին շատ մոտ ուժեր վերատեղակայել: Մենք տեղեկություններ ունենք, որ սահմանի մոտ զգալի թվով լրացուցիչ զորամիավորումների տեղակայումն ընթացքի մեջ է:

Ուկրաինայի բարեխոհ ջանքերը. Երկիրը միավորելու նպատակով նախագահ Պորոշենկոն հունիսի 7-ին ներկայացրեց համընդգրկուն խաղաղության պլան: Նախագահ Պորոշենկոյի պլանով նախատեսվում է. համաներում այն անջատողականների համար, ովքեր կամավոր վայր կդնեն զենքերը և ովքեր չեն մեղադրվում սպանություններում. Ռուսաստան վերադարձի ապահով միջանցք ռուս զինյալների համար. աշխատատեղերի ստեղծման ծրագիր տուժած մարզերի համար. նաև առաջարկվում է լայն ապակենտրոնացում և երկխոսություն արևելյան մարզերի հետ, այդ թվում մարզային իշխանությունների արտահերթ ընտրություններ անցկացնելու խոստում. և լեզվի, տոների, ավանդույթների հետ կապված մարզային իրավասությունների մեծացում: Նախագահ Պորոշենկոն նաև շփումներ է ունեցել արևելյան Ուկրաինայի բնակիչների հետ և հետամուտ է սահմանադրական բարեփոխումների, որոնք մարզերին ավելի մեծ իրավասություններ կտան մարզային պաշտոնյաներին ընտրելու ու տեղերում գործածվող լեզուները պաշտպանելու հարցերում:

Նախագահ Պորոշենկոն հունիսի 20-ին միակողմանիորեն 7-oրյա հրադադար (հետո այն երկարաձգեց 10 օրվա) իրականացրեց: Նա նաև առաջարկեց հանդիպում արևելյան Ուկրաինայի առաջնորդների, այդ թվում՝ անջատողականների հետ, չնայած հրադադարը հարգելու կամ բանակցելու հարցում նրանց ցուցաբերած  անպատրաստակամությանը:

Այնուհանդերձ, Ռուսաստանն ու վերջինիս վստահորդները Դոնեցկում ու Լուգանսկում խաղաղության այս հնարավորությանը չարձագանքեցին: Հրադադարը մեկնարկելուց ժամեր անց Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականները վիրավորեցին ուկրաինական 9-ը զինծառայողի: 10-օրյա հրադադարի ընթացքում ՝ Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականները Ուկրաինայի անվտանգության ուժերի վրա 100-ից ավել հարձակում գործեցին՝ սպանելով 28 զինծառայողի: Անջատողականները շարունակում են որպես պատանդ պահել ավելի քան 150 հոգու՝ հիմնականում քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ուսուցիչներ ու լրագրողներ: Անջատողականները մերժել են Ուկրաինայի իշխանությունների հանդիպում ունենալու բոլոր առաջարկները:

Ուկրաինայի կողմից իրականացված միակողմանի հրադադարին նախորդող, այդ հրադադարի ընթացքում  ու դրանից հետո ընկած ժամանակահատվածներում տեղ գտած դեպքերը  ցույց են տալիս, թե ինչպես Ուկրաինայի իշխանությունների և եվրոպական առաջնորդների կողմից Ռուսաստանի և վերջինիս կողմից հովանավորվող անջատողականների հետ հրադադար հաստատելուն ուղղված  բարեխոհ  ջանքերը մերժվեցին: Ռուսաստանն ու վերջինիս կողմից հովանավորվող անջատողականները շարունակել են Ուկրաինայի ապակայունացումը հրադադարի ընթացքում և շարունակում են ապակայունացնել Ուկրաինան նաև այսօր:

  • Մայիսի 25.  Պետրո Պորոշենկոն, ում քարոզարշավում շեշտադրվում էր հաշտեցումը արևելքի ու Ռուսաստանի հետ, քվեների բացարձակ մեծամասնությամբ հաղթեց Ուկրաինայի ընտրություններում:
  • Հունիսի 8-17. Նախագահ Պորոշենկոն հրադադարի իր հայտարարությունից առաջ ԵԱՀԿ բանագնացի միջոցով բանակցային հանդիպումների  5 փուլ կազմակերպեց կոնտակտային/երկխոսության խմբի հետ:
  • Հունիսի 12. Պորոշենկոն հեռախոսազանգ կատարեց Պուտինին՝ խոսակցություն սկսելու համար:
  • Հունիսի 14. ԵՄ միջնորդությամբ ընթացող գազային բանակցությունները ավարտվեցին և ներկայացվեց ԵՄ միջնորդությամբ ձևավորված առաջարկ. Ուկրաինան ընդունեց առաջարկը, սակայն Ռուսաստանը մերժեց այն:
  • Հունիսի 19. Պորոշենկոն հանդիպում ունեցավ արևելյան Ուկրաինայի առաջնորդների, այդ թվում՝ անջատողականների հետ Կիևում:
  • Հունիսի 20.  Պորոշենկոն իրականացնում է 7-օրյա միակողմանի հրադադար: Ժամեր անց ռուսամետ անջատողականների կողմից վիրավորվում են ուկրաինական 9-ը զինծառայողներ, իսկ հաջորդ 10 օրերի ընթացքում  անջատողականների կողմից եղան բռնարարքների 100-ից ավել դեպքեր:
  • Հունիսի 23.   Երկխոսության/կոնտակտային խումբն հանդիպում ունեցավ Դոնեցկում:
  • Հունիսի 25. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը նկատեց, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մասով իր միջազգային պարտավորությունները հարգելու «նշաններ չկան»:
  • Հունիսի 27. Ուկրաինան Վենետիկի հանձնաժողովի քննությանը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների դրույթները: Այս բարեփոխումներով հնարավորություն կտրվի անցկացնել մարզպետների ու մարզային իշխանությունների ուղղակի ընտրություններ և հատուկ կարգավիճակ կտրվի փոքրամասնությունների ազգային լեզուներին իրենց մարզերում:
  • Հունիսի 27. Պորոշենկոն միակողմանի հրադադարը երկարացրեց ևս 72 ժամով, որպեսզի ԵԱՀԿ կոնտակտային/երկխոսության խմբի բանակցություններում առաջընթաց գրանցելու հնարավորություն լինի:
  • Հունիսի 28. Ուկրաինան վնասազերծեց ռուսական երկու անօդաչուներ, որոնք խախտել էին Ուկրաինայի օդային սահմանները Լուգանսկի մարզում:
  • Հունիսի 30. Քանի որ անջատողականները բանակցություններին համաձայնելու փոխարեն շարունակեցին բռնությունները, նախագահ Պորոշենկոն թույլ տվեց, որ հրադադարի ժամկետը սպառվի:
  • Հուլիսի 3.  Նախագահ Պորոշենկոն ԱՄՆ փոխնախագահ Բայդենի հետ հեռախոսազրույցում վերահաստատեց, որ պատրաստ է սկսել քաղաքական բանակցություններ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում իրավիճակն առանց որևէ լրացուցիչ պայմանների կարգավորելու համար:
  • Հուլիսի 8. Նախագահ Պորոշենկոն այցելում է ապստամբների նախկին հենարան հանդիսացող Սլավյանսկ քաղաքն այն բանից հետո, երբ կառավարական ուժերը այն վերադարձնում են ռուսամետ անջատողականներից:
  • Հուլիսի 9. Ուկրաինան վերականգնում է Սլավյանսկի էներգամատակարարումն ու երկաթուղագծի աշխատանքը և ուկրաինական անվտանգության ուժերը սնունդ, խմելու ջուր և մարդասիրական օգնություն են բաժանում բնակչությանը:
  • Հուլիսի 11. Ուկրաինական իշխանությունները ձևավորում են միջգերատեսչական աշխատանքային խումբ Սլավյանսկում՝ վնասի, անվտանգության ու մարդասիրական օժանդակության կարիքները գնահատելու նպատակով:
  • Հուլիսի 11. Ուկրաինական իշխանությունները հայտնում են, որ ավելի քան 60 տոննա մարդասիրական օգնություն են բաժանել Դոնեցկի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում՝ դրանով իսկ վերջին 5 օրերի ընթացքում բաժանված օգնությունը հասցնելով  158 տոննայի: Նախագահ Պորոշենկոն հայտարարում է, որ ուկրաինական անվտանգության ուժերն ազատագրված տարածքներում  հաջողությամբ վնասազերծել են մոտ 100 ական ու ճանապարհային ռումբ:

Ինչպես հուլիսի 1-ին նշեց Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր  հրամանատար Ֆիլիպ Բրիդլովը, «հրադադարը Ուկրաինայում մեղադրանքների պատճառով չէ որ ավարտվեց, այն ավատվեց, քանի որ ռուսների կողմից հովանավորող անջատողականները բռնությամբ պատասխանեցին խաղաղության պատուհան բացելու նախագահ Պորոշենկոյի փորձին: Խաղաղության ապահովման Ռուսաստանի հանձնառության մասին պետք է դատել վերջինիս գործողությունների, ոչ թե խոսքի հիման վրա»: Ինչպես Միացյալ Նահանգները և մեր եվրոպական դաշնակիցները բազմիցս նշել են, մենք կոչ ենք անում ռուսական իշխանություններին դադարեցնել նյութական օժանդակության տրամադրումը անջատողականներին և գործի դնել նրանց նկատմամբ իրենց ազդեցությունը՝ հորդորելու նրանց վայր դնել զենքերը, ընդունել հրադադարը և ազատ արձակել պատանդներին: Միայն այդժամ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու գործընթացը կարող է իրապես մեկնարկել: