Այսօր պետքարտուղար Քերրին Նյուփորթում (Ուելս) կայացող ՆԱՏՕ-ի վեհաժողովի շրջանակում հանդիպեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Նա լուրջ մտահոգություն հայտնեց շփման գծի երկայնքով վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի՝ 1994թ. հրադադարի հաստատումից հետո այս հակամարտության ամենաթեժ շրջանի վերաբերյալ: Միացյալ Նահանգները հավատացած է, որ թշնամանքի դադարեցումն ու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խաղաղություն ու բարեկեցություն կբերի երկու երկրների ժողովուրդներին ու կնպաստի կայունությանը Հարավային Կովկասում: Այս նպատակներից ելնելով՝ պետքարտուղար Քերրին կոչ արեց նախագահներին խստիվ հարգել հրադադարի ռեժիմը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:
Պետքարտուղար Քերրին խրախուսեց նախագահներին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր պատրաստ են օգնել կողմերին խնդրի խաղաղ ու տևական կարգավորման հասնելու գործում: Նա նաև ջերմորեն ողջունեց նախագահների համաձայնությունը կարգավորման հիմնական տարրերի շուրջ երկխոսությունը շարունակելու վերաբերյալ իրենց համաձայնությունը տալու համար: Նա կողմերին կոչ արեց Մինսկի խմբի ձևաչափում ձեռնամուխ լինել առավել հիմնարար բանակցային գործընթացի, ինչպես առաջարկում է ԵԱՀԿ-ի շվեյցարացի գործող նախագահը: Անընդմեջ գործընթացն անհրաժեշտ է, որպեսզի կողմերի միջև վստահությունը մեծանա ու հասնեն այն պահին, երբ կարելի է հաստատել տևական խաղաղություն, որին արժանի է տարածաշրջանը: