Սոցիալական ներառումը նպաստավոր է Հայաստանի տնտեսության համար. դեսպան Միլսը Գյումրում

group of students
Սոցիալական ներառումը նպաստավոր է Հայաստանի տնտեսության համար. դեսպան Միլսը Գյումրում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Գյումրի կատարած այցի ընթացքում տեղի պաշտոնյաների ու տնտեսավարողների հետ քննության առավ քաղաքում տիրող տնտեսական ու գործարար պայմանները: Նա նաև ծանոթացավ ԱՄՆ կառավարության աջակցությամբ Գյումրում իրականացվող աշխատանքներին, մասնավորապես՝ այցելեց «Լենտեքս» ընկերություն, որտեղ աշխատանքի են ընդունվել հաշմանդամություն ունեցող 17 անձինք, և Գյումրու «Ամերիկյան անկյուն», որը նշում է իր գործունեության տասնամյա հոբելյանը:

«Լենտեքս» ձեռնարկությունում դեսպան Միլսը գովեստով արտահայտվեց տնօրեն Սևակ Գոմցյանի ու ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԼԱՅՖ («Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով») ծրագրի մասին՝ Գյումրում տնտեսության զարգացման հարցում ունեցած ներդրման ու Գյումրու բոլոր բնակիչների կարողությունները՝ անկախ տարբերություններից ու սահմանափակումներից, ճանաչելու համար:

Դեսպանն այցի շրջանակում նաև հանդիպում ունեցավ քաղաքապետ Սամվել Բալասանյանի, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ: Դեսպանության անձնակազմի անունից դեսպանը ծաղկեպսակ դրեց Ավետիսյանների ընտանիքի շիրիմին:

«Լենտեքս» ձեռնարկությունում դեսպան Միլսը խոսեց ԱՄՆ ՄԶԳ-ի ԼԱՅՖ ծրագրի մասին, որը փորձում է հավասար աշխատանքային հնարավորություններ ու զբաղվածության մատչելիություն ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար: ԱՄՆ ՄԶԳ-ը, տեղական գործընկեր «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հետ միասին, աշխատում է հասարակական կազմակերպությունների, տնտեսավարողների ու տեղական իշխանությունների հետ, որպեսզի Հայաստանում կայանա «սոցիալական ձեռնարկությունների» մոդելը: ԼԱՅՖ ծրագրի ջանքերի արդյունքում այսօր Հայաստանի 6 մարզերում գործում են 18 այդպիսի ձեռնարկություններ կաշվե իրերի, տեքստիլի արտադրության, լուսանկարների ու եռաչափ տպագրության, ջեռուցման արևային համակարգերի տեղադրման ոլորտներում, որոնք զբաղվածություն են ապահովել հաշմանդամություն ունեցող ավելի քան 200 անձանց համար: