Նախագահի Հայտարարությունը Հայոց Հիշատակման Օրվա Առիթով

Այս տարի նշում ենք Մեծ Եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների 100-ամյա տարելիցը: 1915թ. սկսած Օսմանյան Կայսրությունում սկսվեցին հայ ժողովրդի տեղահանությունները, կոտորածներն ու մահվան երթերը: Ոչնչացվեց նրանց մշակույթն ու ժառանգությունն իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափազդու բռնություններին, որ տառապանքներ պատճառեցին բոլոր կողմերին, զոհ գնացին 1.5 միլիոն հայեր:

1915թ. սարսափները տեսնելով` ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն ահազանգ հնչեցրեց ԱՄՆ  կառավարության ներսում ու առճակատման գնաց օսմանյան առաջնոդների հետ: Նմանատիպ ջանքերի շնորհիվ Մեծ Եղեռնի մասին իրողությունը հայտնի դարձավ ու ավելի ուշ իր ազդեցությունն ունեցավ իրավապաշտպան այնպիսի առաջամարտիկների գործունեության վրա, ինչպիսին է Ռաֆայել Լենկինը, ով ՄԱԿ-ում մարդու իրավունքների մասին առաջին դաշնագիրն առաջ քաշեց:

Այս սոսկալի կոտորածները միավորեցին ամերիկացի և հայ ժողովուրդներին` մարդասիրական ընդհանուր կապի միջոցով: Շարքային ամերիկացիները միլիոնավոր դոլարների հանգանակություններ կատարեցին`  աջակցելու տառապյալ հայ մանուկներին, ամերիկյանն Կոնգրեսը ստեղծեց Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն, որը միջազգային մարդասիրական օգնության առաջին կազմակերպությունն էր: Հազարավոր հայեր նոր կյանք սկսեցին Միացյալ Նահանգներում, որտեղ ձևավորեցին ամուր և կենսունակ համայնք ու դարձան ամերիկյան հասարակության հենասյուներից: Հաջողությունների հասնելով որպես ակնառու գործարարներ, բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ և մարզիկներ` նրանք անգնահատելի ներդրում ունեցան իրենց նոր հայրենիքում:

Հարյուրամյա տարելիցը ակնածալի պահ է: Այն մեզ կոչ է անում մտորել պատմական ոգեկոչման կարևորության մասին, ու անցյալի հետ հաշվի նստելու դժվար, սակայն անհրաժեշտ գործի մասին: 1915թ. տեղի ունեցածի մասին իմ դիրքորոշումը ես հետևողականորեն հայտնել եմ, ու այն չի փոխվել: Փաստերի ամբողջական, անկեղծ ու արդարացի ընդունումը բխում է բոլորիս շահերից: Ժողովուրդներն ու պետություններն ավելի ուժեղ են դառնում, ավելի արդարացի ու հանդուրժողական ապագայի հիմքեր են կերտում, երբ ընդունում են անցյալի ցավալի տարրերն ու հաշվի նստում դրանց հետ: Մենք ողջունում են դիրքորոշումների արտահայտումը Հռոմի Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների ու մյուսների կողմից, ովքեր փորձում են լույս սփռել պատմության այս մութ գլխին:

Հարյուրամյա ոգեկոչման այս ակնածալի պահին մենք հայ ժողովրդի կողքին ենք` հիշատակելու կորուստները: Խոստանում ենք, որ տառապյալները չեն մոռացվի: Ու մենք պարտավոր ենք դասեր քաղել այս ցավագին ժառանգությունից, որպեսզի հետագա սերունդները չկրկնեն այն: