Թբիլիսի քաղաքում կայացած՝ Անդրկովկասում արտակարգ դեպքերի դիմակայությանն ուղղված գործողությունների մշակման վերաբերյալ վարժանք սեմինար

group of people
Թբիլիսի քաղաքում կայացած՝ Անդրկովկասում արտակարգ դեպքերի դիմակայությանն ուղղված գործողությունների մշակման վերաբերյալ վարժանք սեմինար

Դեկտեմբերի 2-5–ը Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության, Առողջապահության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները մասնակցեցին Անդրկովկասում արտակարգ դեպքերի դիմակայությանն ուղղված գործողությունների մշակման վերաբերյալ վարժանք սեմինարին, որն անցկացվեց Վրաստանի Թբիլիսի քաղաքում՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության հովանավորությամբ:  Վրաստանի կառավարությունը հյուրընկալեց այդ վարժանքը, որը շեշտը դնում էր նորահայտ ախտածինների և անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքների նկատմամբ միջգերատեսչական և միջազգային արձագանքման կարևորության վրա: Վարժանքի նպատակն էր խթանել տարածաշրջանային համագործակցությունը կենսաբանական հսկողության, հաղորդակցության և աղետներին արձագանքման բնագավառում՝ արձագանքման կարողությունները և հիվանդությունների սպառնալիքների դիմակայությունն ամրապնդելու նպատակով:

Վարժանքն անցկացնողները ներկայացրեցին նախապես մշակված սցենարներ, որոնց միջոցով ուսումնասիրվում էին հրավիրված բանախոսների՝ կենսաբանական միջադեպերի արձագանքմանը վերաբերող զեկույցներում ընդգրկված վճռորոշ հարցերը: Վարժանքին մասնակցում էին Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ, ինչպես նաև դիտորդներ Թուրքիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից և մի շարք ԱՄՆ գործակալություններից: Յուրաքանչյուր շահառու որոշակի գործառույթ էր կատարում վարժանքի շրջանակներում, նպաստելով վերջինիս արդյունավետ իրականացմանը: Քննարկման ենթակա այլ թեմաներն էին՝

  • Բռնկումների հայտնաբերում, ախտածինների տարբերակում և հիմնական նախարարությունների կողմից արձագանք
  • Միջազգային արձագանք, անդրսահմանային հաղորդակցություն, սահմանային վերահսկման ռեսուրսների փոխանակում, օրենքի հարկադրում և պատրաստականություն
  • ԶԼՄ-ների ներգրավում, ռիսկերի հաղորդակցում, կարանտինի ընթացակարգեր
  • Բնակության տարհանում, վարակազերծում, վտանգավոր նյութերի վերացում
  • Հետագա բազմազգային համագործակցության հնարավորություններ