ԱՄՆ դեսպանը ներկա գտնվեց ամերիկացի զինվորականների աջակցության շնորհիվ վերանորոգված դպրոցի բացմանը

Ambassador Richard Mills

Գյումրիի մի շարք անապահով ընտանիքների երեխաներ այժմ կունենան ավելի լավ ապրելու պայմաններ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շնորհիվ: Նոյեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ Կրտսերը ներկա գտնվեց Գյումրիում վերանորոգված Երեխաների խնամքի  և պաշտպանության թիվ 1 հաստատության բացման արարողությանը:

Այս նախաձեռնության արժեքն էր 360.000 ԱՄՆ դոլար, որը տրամադրվեց ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության  գրասենյակի կողմից: Նախագիծը իրականացվեց այն բանից հետո, երբ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշեց տվյալ հաստատության շենքի վերանորոգումը, որպես առաջնայնություն ունեցող նախագիծ:

Գյումրիի Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 հաստատությունը տվյալ շրջանում միակն է, որը զբաղվում է անապահով ընտանիքների երեխաների կրթությամբ: Այս հաստատությունը նաև ծառայելու է որպես նոր տարածաշրջանային ընտանեկան ուսումնական կենտրոն, որի նպատակն է լինելու վերադարձնել երեխաներին ընտանիքներ:

«Որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան իմ աշխատանքի ամենահաճելի կողմերից մեկը նման միջոցառումներ այցելելն է: Ես հպարտ եմ այն ամուր համագործակցության համար, որ հաստատվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի և ՀՀ Կառավարության միջև», — ասաց դեսպան Միլզը: «Մենք իսկապես գնահատում ենք Հայաստանի հետ մեր գործընկերությունը և պատրաստ ենք, որպես գործընկեր, ցուցաբերել ցանկացած աջակցություն և օգնություն հայ ժողովրդի կյանքը բարելավելու գործում: Աշխատելով միասին ինչպես իսկական գործընկերներ՝ մենք կարող ենք ապահովել արժանի, անվտանգ, խաղաղ և բարեկեցիկ ապագա հայ ժողովրդի համար»:

Պաշտպանության դեպարտամենտի օգտագործված գույքի բաշխման ծրագրի շրջանակներում դպրոցը ստացել է 80.000 ԱՄՆ դոլար արժողության կենցաղային տեխնիկա և գույք: Ընդհանուր առմամբ նվիրաբերվել է 9 կոնտեյներ դպրոցական գույք, կենցաղային տեխնիկա և ավտոմեքենա երեխաներին տեղափոխելու համար:

Կապալառուի հետ պայմանագրի կնքման և կատարման որակի վերահսկման պարտականությունները իրականացրել է ԱՄՆ Ցամաքային ուժերի ինժեներների կորպուսի Կովկասյան տարածաշրջանային գրասենյակը, որը տեղակայված է Թբիլիսիյում, Վրաստան: Բուն շինարարական աշխատանքները իրականացվել են երևանյան CESCO Construction ընկերության կողմից: Տեղացի կապալառուների ծառայություններից օգտվելով՝ նախագծի շրջանակներում տվյալ շրջանի բնակչությունն ապահովվել է աշխատատեղերով:

2009թ-ից ի վեր ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի առողջապահության և կրթության ոլորտներում ընդհանուր ներդրումները կազմում են 4.5 միլիոն ԱՄՆ դոլար: ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակը շարունակում է աշխատանքներ տանել Հայաստանի ամբողջ տարածքում առողջապահական ծառայությունները և կրթությունը ավելի մատչելի դարձնելու համար: