ԱՄՆ ցամաքային ուժերը մեկշաբաթյա դասընթացներ անցկացրին ՀՀ բանակի սերժանտական կազմի համար

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթասպաների դպրոցում տեղի ունեցավ ԱՄՆ ցամաքային ուժերի վարած «Զորահրամանատարական դասընթացի» ավարտական միջոցառումը:  Մեկշաբաթյա այս դասընթացին մասնակցել էին 46 շարքայիններ և սերժանտներ, ընդ որում ներգրավված էին հայկական բանակի, ինչպես նաև Խաղաղապահ բրիգադի սերժանտներ: Ավարտական միջոցառմանը ներկա գտնվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ԱՄՆ ցամաքային ուժերի Անվտանգության աջակցության ուսուցումների կառավարման կազմակերպության և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի 6 զինծառայողներ մեկշաբաթյա ուսուցման ընթացքում դասավանդեցին մի քանի առանցքային թեմաներ, որոնք ներառում էին ֆիզիկական պատրաստականությունից մինչև զորահրամանատարական ընթացակարգեր, սերժանտական կազմի պարտականություններ, պատասխանատվություն ու լիազորություններ:

Ուսուցումն ուներ գործնական ուղղվածություն՝ հրամանատարական հմտությունների շեշտադրմամբ: Դասընթացի ավարտին մասնակից սերժանտները ավելի լավ պատկերացում կկազմեցին հիմնական առաջնորդական, ուսումնական մասի կառավարման և մարտական կարողություններն իրենց գործունեության ոլորտներում կիրառելու վերաբերյալ:

Նման դասընթացները նպաստում են, որպեսզի Միացյալ Նահանգներն ամուր կապեր ունենա այլ երկրների զինված ուժերի հետ՝ աջակցելով նրանց կարողությունների զարգացմանը և դյուրացնելով ռազմավարական մատչելիությունը, ինչը կհանգեցնի առավել ամուր տարածաշրջանային կայունության:  Այս դասընթացը մասնագիտական զարգացման ու կատարելագործման եռափուլ դասընթացների շարքում առաջինն էր Հայաստանի սերժանտական կազմի համար, որը շարունակում է առավել մեծ դերակատարում ձեռք բերել բարձրաստիճան անձնակազմի և սպայական կազմի պլանային աշխատանքների իրականացման հարցում: