ԱՄՆ պետքարտուղարությունը ձգտում է ապահովել արդարացի ու մարդկային վերաբերմունք ԱՄՆ այն քաղաքացիների հանդեպ, ովքեր կալանավորվում են օտար երկրներում: Մենք պատրաստ ենք աջակցել բանտարկված անձանց և նրանց ընտանիքներին՝ մեր իրավասության սահմաններում և այնքանով, որքան դա հնարավոր է միջազգային իրավունքի, տեղական ու օտարերկրյա օրենքների համաձայն:
Որպեսզի արտերկրում խուսափեք ձերբակալությունից.
- Հետևեք այն երկրի օրենքներին ու կանոնակարգերին, որտեղ գտնվում եք որպես այցելու կամ բնակիչ,
- Ծանոթացեք այն օրենքներին, որոնք կարող են տարբերվել ամերիկյան օրենքներից. Երկրների մասին մենք առանձին էջեր ունենք, որտեղ կան որոշակի տեղեկություններ: Որևէ երկիր ուղևորվելուց առաջ այդ երկրի օրենքների մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ԱՄՆ-ում այդ երկրի մոտակա դեսպանատան կամ հյուպատոսարանի հետ:
Եթե ձեզ ձերբակալել են այլ երկրում կամ գիտեք ԱՄՆ քաղաքացու, ում ձերբակալել են այլ երկրում, ապա.
- Խնդրեք քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաներին տեղյակ պահել ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանին.
- Դուք ևս կարող եք կապ հաստատել մոտակա ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսարանի հետ՝ տեղյակ պահելով ձերբակալության մասին: Այստեղ կարող եք գտնել օտարերկրյա պետություններում ԱՄՆ դեսպանատների ու հյուպատոսարանների հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տեղեկությունները կամ դրանք փնտրել Առանձին երկրի մասին տեղեկություններում:
Հյուպատոսական աջակցություն ԱՄՆ քաղաքացի բանտարկյալներին
Օտար երկրում ձերբակալվելիս ԱՄՆ քաղաքացին սկզբում կարող է շփոթված լինել ու չկողմնորոշվել, թե ինչ է պետք անել: Դա կարող է անգամ ավելի դժվար լինել, քանի բանտարկյալն հայտնվում է անծանոթ միջավայրում, չի տիրապետում տվյալ լեզվին, տեղյակ չէ տեղում ընդունված սովորույթների մասին, չգիտի ինչպես է գործում իրավական համակարգը:
Մենք կարող ենք օգնել հետևյալ հարցերում.
- Ապահովել անգլերենին տիրապետող տեղացի փաստաբանների տվյալներ.
- Կալանավորվածի գրավոր թույլտվությամբ կապ հաստատել նրա ընտանիքի, ընկերների կամ գործատուների հետ ԱՄՆ-ում.
- Կանոնավոր այցելել կալանավորվածին և ապահովել ընթերցանության նյութեր ու վիտամինային հավելումներ, եթե անհրաժեշտ է.
- Օգնել, որ քրեակատարողական հիմնարկն ապահովի անհրաժեշտ բուժօգնությունը.
- Ընդհանուր գծերով ներկայացնել տվյալ վայրի քրեական արդարադատության գործընթացը.
- Տեղյակ պահել կալանավորվածին տեղում և ԱՄՆ-ում հանցագործություններից տուժածներին աջակցելու ռեսուրսների մասին.
- Եթե կալանավորվածը ցանկանում, է ապա օգնել իր եկեղեցին/կրոնը ներկայացնող հոգևորականի այցերի համար քրեակատարողական հիմնարկից թույլտվություն ստանալու հարցում.
- Ձևավորել հավատարմագրային հաշիվ Պետքարտուղարության Արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների գրասենյակի միջոցով, որպեսզի ԱՄՆ-ում գտնվող ընտանիքի անդամներն ու ընկերները կարողանան գումարներ փոխանցել բանտարկված ԱՄՆ քաղաքացուն, երբ դա թույլատրվում է քրեակատարողական հիմնարկի կարգերի համաձայն:
Մենք չենք կարող.
- ԱՄՆ քաղաքացիներին դուրս հանել բանտից.
- Դատարանում հայտարարել ինչ-որ մեկի մեղավոր կամ անմեղ լինելու մասին.
- Իրավական խորհրդատվություն ապահովել կամ արտերկրի դատարաններում ներկայացնել ԱՄՆ քաղաքացիներին.
- Հանդես գալ որպես պաշտոնական թարգմանիչ.
- Վճարել արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացու իրավական, բժշկական ու այլ ծախսերը: