Առողջապահության ոլորտի մասնագետները մտահոգված են, որ թռչնագրիպի (H5N1) ախտածին վիրուսի տարածումն Ասիայի, Աֆրիկայի, Միջին Արևելքի և Եվրոպայի կենդանիների շրջանում կարող է նշանակալի առողջապահական վտանգներ ստեղծել նաև մարդկանց համար: Եթե H5N1-ի նման վիրուսը մուտացիայի ենթարկվի և հնարավոր դառնա դրա փոխանցումը մարդուց մարդուն, ապա կարող է աշխարհով մեկ թռչնագրիպի բռնկում լինել: Թեպետ այս պահի դրությամբ չեն գրանցվել մարդուց մարդուն թռչնագրիպի փոխանցման դեպքեր, սակայն ԱՄՆ կառավարությունը և միջազգային առողջապահական կազմակերպությունները նախապատրաստական միջոցներ են ձեռնարկում` դիմակայելու հնարավոր համաճարակին:
Համաճարակի ծավալներից կախված` օդանավերի չվերթները կարող են կտրուկ նվազեցվել կամ ընդհանրապես դադարեցվել: Ուղևորության սահմանափակումների հետևանքով մարդիկ կարող են անկարող լինել վերադառնալ Միացյալ Նահանգներ կամ դուրս գալ այդ երկրից: Այդ իսկ պատճառով, առավել խելամիտ կլինի որոշակի ժամանակ “պատսպարվել տեղում” (այսինքն` մնալ տանը և “մեկուսանալ մարդկանցից”, որպեսզի չվարակվեք):
ԱՄՆ-ում բնակվողներին Առողջապահության ու սոցիալական ծառայությունների դեպարտամենտն առաջարկում է պատրաստի ունենալ պաշարներ երկու շաբաթվա համար (սննդամթերք, ջոր, դեղորայք), որպեսզի գրիպի համաճարակի դեպքում տեղում կարողանանք պատսպարվել:
Արտերկրում գտնվող ամերիկյան քաղաքացիները, հաշվի առնելով իրենց գտնվելու վայրի պայմանները, պետք է գնահատեն իրավիճակն ու նախապատրաստեն համապատասխան պաշարներ (չփչացող սննդամթերք, խմելու ջուր, դեղորայք և այլն) տեղում առնվազն երկու և ընդհուպ մինչև 12 շաբաթ պատսպարվելու համար: Ջրի մեծ քանակություն պահեստավորելու դեպքում կարելի է օգտագործել անձրևաջրերը, լողավազանների, գետերի, լճերի ջրերը` մաքրման տարբեր եղանակներով դրանք մշակելուց հետո, ինչպիսիք են եռացնելը, ֆիլտրելը և/կամ քլորացումը:
Ի՞նչ կարող եք ամեն օր անել: Հազալիս ծածկեք բերանը: Կանոնավոր լվացեք ձեր ձեռքերը օճառով և ջրով` առնվազն 20 վայրկյան, որպեսզի վիրուսներ ու մանրէներ չլինեն ձեր ձեռքերին: Եթե ջուր չկա, ապա ձեռքերը հականեխելու համար օգտագործեք 60% սպիրտային պարունակությամբ ախտահանիչ միջոցներ: Եթե վատառողջ եք, մնացեք տանը: Ստացեք սեզոնային գրիպի պատվաստումներ:
Ուղևորություն. Ամերիկյան քաղաքացիները, որ ապրում կամ ուղևորվում են այնպիսի երկրներ, որտեղ կենդանիների կամ մարդկանց մոտ հայտնաբերվել է H5N1վիրուսը, պետք է հաշվի առնեն դրանից բխող ռիսկերը: Պլաններ կազմելիս հաշվի առեք վերջին բժշկական ու գործնական խորհուրդներն ու տեղեկությունները: Միջազգային ուղևորությունների մասին ամենաթարմ տեղեկություններին ու խորհուրդներին ծանոթանալու համար այցելեք www.travel.state.gov կայքը:
Առցանց ռեսուրսներ. Առաջարկվող նախապատրաստական քայլերի մասին մանրամասն տեղեկություններ, հուշումներ կարելի է գտնել ԱՄՆ պետքարտուղարության գրիպի գլոբալ համաճարակի մասին www.pandemicflu.gov կայքում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության www.who.int/en/ կայքում և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի (CDC) www.cdc.gov կայքում: