Նոտարական ծառայություններ

Ուշադրություն. ԱՄՆ պետքարտուղարությունը ստորև ներկայացվող ցուցակներում ընդգրկված անձանց ու ընկերությունների մասնագիտական կարողությունների ու համբավի կամ մատուցած ծառայությունների որակի վերաբերյալ որևէ պատասխանատվություն չի կրում: Ցուցակում նրանց ներառումը որևէ կերպ չի ենթադրում երաշխավորում Պետքարտուղարության կամ ԱՄՆ կառավարության կողմից: Անուններն ու անվանումները ներկայացված են այբբենական կարգով և դրանց հերթականությունը որևէ նշանակություն չունի: Ցուցակում ներկայացված տեղեկությունները ներկայացվում են տեղի ծառայություններ մատուցողների կողմից. Պետքարտուղարությունն այդ տեղեկատվության վերաբերյալ երաշխիք չի ապահովում:

Հաշվի առնելով COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակը` ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժինը ս․ թ․ մարտի 23-ից անցնում է սպասարկման արտակարգ ռեժիմի։

Մինչ ԱՄՆ քաղաքացիների սպասրկման բաժինը շարունակում է գործունեությունը արտակարգ ռեժիմով, 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ մենք կվերսկսենք առցանց հերթագրումները:
ԱՄՆ քաղաքացիների ծառայությունների բաժնի բոլոր այցելուները պետք է նախօրոք հերթագրեն իրենց այցելության օրը առցանց/օնլայն եղանակով: Խնդրում ենք հերթագրել Ձեր այցելության օրը այստեղ:

Նախկինում նշանակված հանդիպումները կպահպանվեն:

Հետևելով կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում  ՀՀ կառավարության` բոլոր հանրային վայրերում պարտադիր դիմակ կրելու պահանջին՝ սույն թվականի մայիսի 25-ից հյուպատոսական ծառայություն ստանալու նպատակով ԱՄՆ դեսպանատուն մուտք գործող անձինք, անկախ այդ ծառայության տեսակից, պարտավորվում են կրել դիմակ։ Առանց դիմակի ներկայացող անձանց չի թույլատրվի մուտք գործել ԱՄՆ դեսպանատուն, և նրանք ստիպված կլինեն նոր պայմանավորվածություն ձեռք բերել:

Հյուպատոսական բաժինը գտնվում է ք. Երևան 0082, Ամերիկյան պող. 1 հասցեում՝ Իսակովի պողոտայի անմիջական հարևանությամբ: ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժնի հետ կարող եք կապ հաստատել՝ գրելով acsyerevan@state.govհասցեին: Մեր տեղական հեռախոսահամարն է (+37410) 49-45-85, ֆաքսի համարը՝ (+37410) 46-47-37:

Նոտարական կանոնակարգեր

Արտերկրում գործող ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյաները նաև հանդես են գալիս որպես նոտարներ, սակայն նրանց նոտարական իրավասությունները, որպես այդպիսին, խիստ սահմանափակ են: Նոտարական ծառայությունները կարգավորվում են ԱՄՆ, ՀՀ օրենքներով և համաձայնագրերով, այդ թվում Փաստաթղթերի օրինականացման մասին Հաագայի 1961թ. կոնվենցիայով: Դեսպանությունն իրավասու չէ օրինականացնել, վկայագրել, վավերացնել, հաստատել կամ այլ նոտարական ծառայություններ ապահովել Հայաստանում կիրառվելիք փաստաթղթերի մասով:

Նոտարական ծառայությունների մասով հիմնական սահմանափակումները ներկայացվում են ստորև.

  • Դեսպանությունը չի կարող  “վավերացնել” կամ “օրինականացնել” ԱՄՆ-ում տրված փաստաթղթեր, որոնք օգտագործվելու են ԱՄՆ-ից դուրս: ԱՄՆ-ում տրված փաստաթղթերն արտերկրում օգտագործելու նպատակով օրինականացնելու համար անհրաժեշտ է ապոստիլ, որը տրվում է ԱՄՆ-ում (հրահանգները տես` ստորև): Դեսպանությունը  չի կարող տրամադրել ապոստիլ:
  • Դեսպանությունը չի վավերացնի այլ երկրների քաղաքացիական կացության փաստաթղթեր (օրինակ` ՀՀ անձնագրեր, ԶԱԳՍ-ի վկայականներ և այլն) կամ կրթական վկայականներ: Ավելին, բնօրինակ փաստաթղթի պատճենի իսկության հաստատումը հանդիսանում է հայեցողական ծառայություն, որը մատուցվում է միայն ԱՄՆ քաղաքացիներին:
  • Դեպքերի գերակշիռ մասում Դեսպանությունը չի կարող  հաստատել այն փաստաթղթերի իսկությունը, որոնք ենթակա են օգտագործման ԱՄՆ-ում:

Երդմամբ  հաստատված գրավոր ցուցմունք (աֆիդավիթ)

Երդմամբ հաստատված գրավոր ցուցմունքը երդման ներքո կատարված գրավոր հայտարարություն է` արված նոտարի կամ երդում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնյայի առաջ: Ցանկացած երկրի քաղաքացի կարող է դեսպանությանը կազմել նման փաստաթուղթ` ԱՄՆ-ում այն օգտագործելու նպատակով:  Երդմամբ հաստատված գրավոր ցուցմունքում տվյալ անձը չի կարող որևէ հայտարարություն անել ԱՄՆ դեսպանության կամ ԱՄՆ կառավարության անունից: Դեսպանությունը երդմամբ հաստատված գրավոր ցուցմունքի բովանդակության համար որևէ պատասխանատվություն չի ստանձնում. այն անձինք, ովքեր գիտակցաբար ոչ ճիշտ տեղեկություններ են ներառում ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյայի առաջ երդմամբ հաստատված գրավոր ցուցմունքի մեջ, կարող են պատասխանատվության ենթարկվել կեղծ ցուցմունք տալու համար` ըստ ԱՄՆ օրենսդրության:  Նոտարական յուրաքանչյուր գործարքի համար սահմանված է միջնորդավճար` 50 ԱՄՆ դոլարի չափով:

Նոտարական ու վավերացման ծառայությունների, այդ թվում` ապոստիլների վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել ԱՄՆ պետքարտուղարության կայքի http://travel.state.gov/law/judicial/judicial_701.html էջում: