
2015թ.-ի սեպտեմբերի 9-ին ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը մասնակցեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության կողմից ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Կենսաբանական արագ արձագանքման խմբին փոխադրամիջոցի և սարքավորումների փոխանցման արարողությունը:
Սարքավորումներն ուղղված են Հայաստանում վտանգավոր ախտածիններով հարուցված հիվանդությունների բռնկումները տարբերակելու, դրանց տարածումը զսպելու և արձագանքելու կարողությունների պահպանմանը:
«Նոր փոխադրամիջոցները հասնելի կդարձնեն Հայաստանի ցանկացած վայր, որտեղ հնարավոր են բռնկումներ»,-նշեց Փոխդեսպան Փրայսը: «Փոխադրամիջոցի հագեցվածությունը անձնական պաշտպանիչ միջոցներով կպաշտպանի արձագանքման խմբի անդամներին վտանգավոր ներգործությունից գործողությունների ընթացքում»:
Փոխադրամիջոցի և սարքավորումների փոխանցումը վերջին շրջանի համատեղ աշխատանքն է Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից իրականացվող Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ) շրջանակներում, որը հիմնադրվել է՝ համագործակից երկրների հետ վարակիչ և վտանգավոր ախտածիններից ու հիվանդություններից առաջացած ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատելու համար: Այս նյութերը կարող են լուրջ վտանգ ներկայացնել ցանկացած երկրի անվտանգությանը:
ԿՈՆՀ ծրագրի շրջանակներում Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության՝ ԱՄՆ դեսպանությունում տեղակայված հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նախորդ հինգ տարիների ընթացքում համակարգել են մի շարք համատեղ ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակներում ԱՄՆ աջակցությունն ուղղվել է Հայաստանում հետազոտությունների նպատակով կիրառվող ախտածինների ապահով պահպանման համար կառույցների շինարարությանն ու վերանորոգմանը: Համատեղ ջանքերով զարգացվել են Հայաստանի կարողությունները՝ ստանդարտների և ընթացակարգերի բարելավման միջոցով նշված ախտածինների և առնչվող տեխնոլոգիաների ու գիտական փորձագիտության վաճառքը, գողությունը, դիվերսիան կամ պատահական արտահոսքը կանխելու նպատակով:
Փոխդեսպան Փրայսը նշեց, որ տվյալ փոխադրամիջոցի ու սարքավորումների տրամադրումն իրականացվում է ԿՈՆՀԾ-ի խնդիրներից մեկի շրջանակներում, այն է՝ զարգացնել Հայաստանում հատուկ վտանգավոր ախտածիններով հարուցված բռնկումների հայտնաբերման, ախտորոշման և հաղորդման կարողությունները: «Ցանկանում ենք երաշխավորել Հայաստանում ցանկացած վարակիչ հիվանդության բռնկման վերաբերյալ պատեհաժամ և ճշգրիտ իրազեկվածություն՝ լինի դա բնական բռնկում, թե միտումնավոր, նպատակաուղղված վարակում»: