2016թ.-ի ապրիլի 6-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ.Միլսը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնակցեցին Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիայի բացմանը: Պարոն Լանս Բրուքսը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունից (ՊՎՆԳ) նույնպես մասնակցեց բացման արարողությանը:
Իջևանում գտնվող լաբորատորիան վերանորոգվել է ՊՎՆԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ) շրջանակներում: ԿՈՆՀԾ-ի առաքելությունն է համախմբել և ապահովել խիստ վտանգավոր հարուցիչների անվտանգությունը, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանի Հանրապետության` մարդու և կենդանիների հիվանդությունների վերահսկման համակարգերը, որպեսզի նվազեցվեն մարդու կամ կենդանիների վտանգավոր հիվանդությունների բռնկման ռիսկերը: «Այս լաբորատորիայի վերանորոգումը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն նշանավորում է ԿՈՆՀԾ-ի կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում արդիականացվող մի շարք տարածաշրջանային և կենտրոնական լաբորատորիաներից առաջինի բացումը», — ասել է դեսպան Ռիչարդ Մ. Միլսը: ԿՈՆՀԾ-ը Իջևանի հաստատությունում աշխատող անձնակազմին և մասնագետներին ուղղորդել և վերապատրաստել է, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ կերպով աշխատել և կիրառել իրենց հմտությունները և լաբորատոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի լաբորատորիան գործի և լավ պահպանվի ապագայի համար: ԿՈՆՀԾ այժմ ավարտում է Գյումրիում նմանատիպ տարածաշրջանային լաբորատորիայի վերանորոգման աշխատանքները, իսկ 2017 թ.-ին կավարտի նաև ևս երեք հաստատությունների կառուցումը Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Բոլոր այդ տարածաշրջանային լաբորատորիաները կապված կլինեն Երևան քաղաքում գտնվող Ազգային կենտրոնական հաստատության հետ, որի բացումը նախատեսվում է 2016 թ.-ի հուլիսին:
Բացի լաբորատոր վերանորոգումներից և բարելավումներից` ԿՈՆՀԾ-ը նաև տրամադրել է արժեքավոր ռեսուրսներ, սարքավորումներ, անցկացրել ուսուցումներ` Առողջապահության, Գյուղատնտեսության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների աջակցությամբ:
ԿՈՆՀԾ-ը և նրա հայ գործընկերները աշխատում են բարելավելու երկրի հնարավորությունները` հայտնաբերելու, ախտորոշելու և արձագանքելու կենսաբանական հիվանդությունների բռնկումներին և դեպքերին`թե բնական, և թե տեխնածին:
ԿՈՆՀԾ-ը նախարարություններին նաև հնարավորություն է ընձեռել` համագործակցելու ԱՄՆ-ի հետ և որպես գործընկեր հանդես գալու միջազգային գիտական հաստատությունների և փորձագետների հետ: Այս գործընկերությունը մեծապես բարելավել է Հայաստանի կարողությունը` համապատասխանելու մարդու և կենդանիների առողջության միջազգային կանոններին` ներկայացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից: ԱՄՆ և Հայաստանը համատեղ զարգացրել են Հայաստանի գիտական և հետազոտական փորձը` կապված հատուկ վտանգավոր ախտածինների հետ:
Իր խոսքում դեսպան Միլսը ընդգծել է, որ «Այս ծրագիրը Հայաստանի կառավարության Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` Հայաստանում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է: Հաշվի առնելով 21-րդ դարի մարտահրավերները, երբ նոր ի հայտ եկող կենսաբանական սպառնալիքները զգալի ռիսկ են հանդիսանում գլոբալ առողջապահական անվտանգության համար, այս ծրագիրը խիստ կարևոր նշանակություն ունի մեր երկու երկրների համար»: