
Հոկտեմբերի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երաժշտության ու մշակութային երկխոսության երեկոյի ընթացքում Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում ողջունեց «Դը Բյութիֆայդ Փրոջեքթ» խմբին ու «Լիբերտա» քառյակին: Համերգը կազմակերպվել էր դեսպանատան կողմից՝ Դանիել Փերլի հիշատակին նվիրված երաժշտության համաշխարհային օրերի շրջանակում: Սա արդեն 13-րդ տարին է, որ աշխարհով մեկ կազմակերպվում են համերգներ՝ ի նշանավորումն այն վեհ գաղափարների, որոնք ոգեշնչում էին Դենիել Փերլին իր կյանքում և գործունեության մեջ: Համերգաշարերը նպատակ ունեն հասարակական ուշադրությունը բևեռել այն համաշխարհային սպառնալիքների ու վտանգների վրա, որոնք այսօր ծառացած են լրագրողների առաջ, ինչպես նաև ցույց տալ, թե ինչպիսի մեծ կարևորություն է տալիս Միացյալ Նահանգերի կառավարությունը ազատ մամուլի պաշտպանությանն ու խթանմանը: Այս տարի ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության կողմից լրագրողներ Ջեյմս Ֆոլիի և Ստիվեն Սոտլոֆի դաժան սպանությունները խոսուն կերպով հիշեցնում են լրագրողների ու ազատ մամուլի նկատմամբ առկա վտանգների մասին: Մամուլի ազատությունն առանցքային գործոն է և մշտապես գտնվում է ամերիկյան դիվանագիտության ուշադրության կենտրոնում:
Դանիել Փերլը ամերիկացի հետաքննող լրագրող էր և սիրողական երաժիշտ, ով տարբեր երկրների երաժիշտների հետ ջութակ ու մանդոլինա էր նվագում: 2002թ. «Վոլ Սթրիթ Ջորնելի հանձնարարականը իրականացնելիս նա Պակիստանում սպանվեց ծայրահեղականների կողմից: Նրա մահվանից հետո բարեկամներն ու հարազատները ստեղծեցին Դենիել Փերլի անվան հիմնադրամը՝ խրախուսելու երկխոսությունն ու փոխադարձ ընկալումը, վերացնելու մշակութային ու կրոնական ատելությունը, խթանելու պատասխանատու ու հավասարակշիռ լրագրողական գործունեությունը, և նեցուկ լինելու խաղաղությանը՝ երաժշտության միջոցով: