
Հոկտեմբերի 21-23-ը ԱՄՆ դեսպանությունը՝ գործակցելով Հայ գրականության հիմնադրամի հետ, ԱՄՆ Այովայի համալսարանի Միջազգային գրական ծրագրի շրջանակում կհյուրընկալի ամերիկացի ճանաչված գրողներ Փիթեր Բալաքյանին, Գիշ Ջենին, Գրեգորի Օրֆալեային, Մերի Հիքմենին և Քրիստոֆեր Մերիլին: Ծրագրի նպատակն է ներգրավել հայ երիտասարդ գրողներին ու նրանց արձակ ու չափածո ստեղծագործելու նոր գիտելիքներ ու հմտություններ հաղորդել, խրախուսել երկխոսությունը հայ և ամերիկացի գրողների ու դասավանդողների միջև և ամերիկյան գրական դաշտի ակնառու ներկայացուցիչների հետ հանդիպում ունենալու հնարավորություն ստեղծել տեղի գրողների ու ուսանողների համար:
Հայաստան կատարած այցի ընթացքում նաև կընտրվեն մասնակիցներ, ովքեր կմասնակցեն Այովայի համալսարանում կազմակերպվող հայ-թուրքական գրական-ուսումնական ծրագրին 2015թ. ամռանը:
Ամեն տարի ԱՄՆ պետքարտուղարությունն ու Այովայի համալսարանում գործող Միջազգային գրական ծրագիրը համատեղ կազմակերպում են ընթերցանության շրջայցեր, որոնց շրջանակում ամերիկյան գրողներն այցելում են Միացյալ Նահանգների համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող երկրներ ու տարածաշրջաններ: Գրելը կարևոր միջոց է աշխարհի տարբեր երկրներում ազատ խոսքի խրախուսման ու ժողովրդավարության ամրապնդման համար:
Միջազգային գրական ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք http://iwp.uiowa.edu էջը: