
Ս.թ. հոկտեմբերի 20-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպեց ՀՀՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանին և նվիրաբերեց մոտ 132.000 ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ և համակարգչային ծրագիր:
Այս նվիրաբերությունը, որը ներառում է 72 սկաներ, 4 համակարգիչ, 4 CISCO ցանցային սարքեր, և Acrobat Adobe Pro ծրագրի լիցենզիաներ, կօգնի ստեղծել քրեական գործերի վարման նոր համակարգ Հայաստանում՝ թույլ տալով թվայնացնել քրեական գործերը և նպաստելով քննչական գործողությունների արդյունավետությանը և բարելավելով փաստաթղթաշրջանառությունը տարբեր ստորաբաժանումների միջև: Բացի այդ, նվիրաբերված սարքավորումները թույլ կտան բարելավել կապը ոստիկանության տվյալների բազաների հետ:
Աջակցելով քրեական գործերի թվայնացմանը՝ ԱՄՆ դեսպանությունը սատարում է Քննչական կոմիտեին քննությունների թափանցիկության ու հաշվետվողականության ամրապնդման հարցում՝ արհեստավարժության և անկախության մեծացման միջոցով:
«Գործերի թվայնացմամբ ձևավորվում է կայուն գործավարություն, դա օգնում է իրավապահներին ապահովել տվյալների ճշգրտությունը, թույլ է տալիս, որ գործերը հեշտությամբ հասանելի լինեն դատախազների ու փաստաբանների համար, — ասաց դեսպան Միլսը, — կարճ ասած, գործերի թվայնացմամբ Քննչական կոմիտեն ձևավորում է առավել թափանցիկ համակարգ և մեծացնում է հանրային վստահությունը իրավապահ համակարգի հանդեպ: Ես ողջունում են հաշվետվողականության մեծացման ու կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով իրավապահ համակարգի արդիականացմանն ուղղված Քննչական կոմիտեի նախաձեռնությունը»:
Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ Կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է Հայաստանի իրավապահ կառույցների ու պաշտոնյաների կարողությունների հզորացման և առավել արդարացի ու թափանցիկ քրեական արդարադատության համակարգի կայացմանը:
ՀՀ Քննչական կոմիտեի համար իրականացված օժանդակության այլ ծրագրերից նշենք վերջերս կայացած ճանաչողական այցը դեպի ԱՄՆ, որի շրջանակում մի խումբ քննիչներ ծանոթացան իրավապահ մարմինների կողմից իրականացվող ընտանեկան բռնության գործերի քննության հարցերին: Բացի այդ, Դեսպանության աջակցությամբ իրականացվում է անգլերենի ուսուցման դասընթացը, որին մասնակցում են մոտ 50 քննիչներ:
ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին և արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտավորապես 1,5 միլիոն ԱՄՆ դոլար:
«Միացյալ Նահանգներն աշխատում է հայ գործընկերների հետ անվտանգ, բարեկեցիկ ու ժողովրդավար պետություն կերտելու հարցում: Վստահ եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ սա հնարավոր չի լինի առանց ամուր արդարադատության համակարգի, որն ապահովում է իրավունքի գերակայությունը և արդարադատության թափանցիկ հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար, — ասաց դեսպան Միլսը, — Միացյալ Նահանգները կշարունակի գործակցել ՀՀ կառավարության հետ ձևավորելու արդարադատության ամուր, թափանցիկ և հաշվետու համակարգ»: