
ԱՄՆ առևտրի ներկայացուցչի Եվրոպայի ու Միջին Արևելքի հարցերով տեղակալ Դեն Մուլանին և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Համաձայնագրով նախատեսվում է ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը քննության կառնի երկկողմ առևտրին, ներդրումներին ու հարակից խնդիրներին վերաբերող հարցերը և կուսումնասիրի երկու երկրների միջև առևտրի ու ներդրումների ամրապնդման ուղիները:
«Այսօրվա համաձայնագիրը հայ-ամերիկյան առևտրային ու ներդրումային հարաբերությունները խորացնելու ու ընդլայնելու կարևոր գործիք է, — ասաց Դեն Մուլանին, — սպասում եմ Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի քայլերին՝ ուղղված աշխատողների, գյուղատնտեսությամբ զբաղվողների, ծառայություն մատուցողների, արդյունաբերողների ու սպառողների համար հնարավորությունների բացահայտմանը»:
2014թ. հայ-ամերիկյան երկկողմ առևտրաշրջանառությունը (արտահանում գումարած ներմուծում) կազմել է 153 միլիոն ԱՄՆ դոլար: 2014թ. ԱՄՆ-ից Հայաստան արտահանումների ծավալը կազմել է 56 միլիոն ԱՄՆ դոլար՝ ներառելով թռչնամիս, սարքավորումներ, մեքենաներ և օպտիկական ու բժշկական սարքավորումներ: 2013թ. դրությամբ ԱՄՆ ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմում են 1 միլիոն ԱՄՆ դոլար: 2014թ. Հայաստանից ԱՄՆ ապրանքների ներմուծման ծավալը կազմել է 96 միլիոն ԱՄՆ դոլար՝ ներառելով ալյումին, գործված հագուստեղեն, կոնյակ, ադամանդ և պահածոյացված մրգեր ու բանջարեղեն: 2013թ. դրությամբ Հայաստանի ուղղակի օտարերկրյա ներդրումները ԱՄՆ-ում կազմում են 1 միլիոն ԱՄՆ դոլար: