Այսօր՝ 2020թ․ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում ընտրություններ են․ 18 եւ բարձր տարիքի բոլոր քաղաքացիների քվեարկությամբ այսօր ընտրվում է ոչ միայն ԱՄՆ հաջորդ նախագահը, այլ նաեւ ընտրվում են կոնգրեսականներ, նահանգային ու տեղական պաշտոնյաներ։ Այսօր ամերիկացիներն ընտրելու են ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին եւ սենատի 100 անդամներից 30-ին։ Բազմաթիվ ամերիկացիներ համակ ուշադրությամբ հետեւում են նաեւ տեղական ընտրություններին, քանի որ դրանց ազդեցությունը նույնքան կարեւոր է եւ անգամ առավել տեսանելի նրանց ամենօրյա կյանքում։ Այս տարի լրանում է ԱՄՆ սահմանադրության 19-րդ լրացման վավերացման հարյուրամյակը․ սա այն լրացումն էր, որով ամրագրվեց ամերիկացի կանանց ընտրական իրավունքը։ Թեեւ այդ ընտրական իրավունքը լիարժեք իրացնելու համար դեռևս տասնամյակներ պետք է անցնեին և քաղաքացիական իրավունքների շարժումը պետք է լիներ, սակայն 19-րդ լրացումն իրապես մեծ քայլ էր հավասար ընտրական իրավունքների ապահովման ճանապարհին։ Առաջարկում ենք երկու տեսանյութ․ մեկը 19-րդ լրացման մասին է, իսկ մյուսը անդրադարձ է 1965թ․ Ընտրական իրավունքների մասին օրենքին։
Ժողովրդավարության հիմնաքարը ազատ եւ արդարացի ընտրություններն են։ Ընտրություններով քաղաքացիները հնարավորություն են ստանում իրենց ձայնը ունենալ կառավարման հարցում՝ որոշելով, թե ով է կառավարելու։ Ամերիկյան ընտրական համակարգն առաջին հայացքից կարող է բարդ թվալ, սակայն այն ապահովում է քաղաքացիների ձայնը կառավարման բոլոր օղակներում։ Նոր կորոնավիրուսով պայմանավորված այս տարի ընտրական գործընթացը մի փոքր տարբերվում էր, սակայն այն գործում էր՝ ի հեճուկս մարտահրավերների։ Այստեղ կարող եք ծանոթանալ գործընթացի փոփոխություններին ու հարմարեցումներին, որոնք, լիովին համապատասխանելով ԱՄՆ Սահմանադրությանը, օգնեցին խուսափել ընտրողների համար համաճարակային ռիսկեր ստեղծելուց։
Հարկ է նշել, որ ընտրողների քվեարկության ավարտը դեռ չի նշանակում ընտրությունների ավարտ։ Ընտրությունների արդյունքները պաշտոնապես ամփոփելու իրավասությունը վերապահված է Ընտրական կոլեգիային։ Ահա մի համառոտ էքսկուրս ԱՄՆ ընտրական գործընթացների մասին։