
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում մեկնարկում է նորարական ծրագիր, որը միտված է խթանելու ազգային մշակույթի պահպանումը` երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին`Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, որն աշխարհի միջնադարյան ձեռագրերի և գրքերի ամենահարուստ հավաքածուների պահոցներից մեկն է: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և Սմիթսոնյան ինստիտուտի Միջազգային կապերի գրասենյակի ավագ խորհրդատու Հալի Բաթվինը: Մոտ հարյուր մասնակիցների շարքում էին ՀՀ կառավարության և պետական կառույցների պաշտոնատար անձինք, գործընկեր կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի, մասնավոր հատվածի, տեղական և միջազգային կազմակերպությունների, ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող այս քառամյա ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում` հետազոտությունների, գիտական գործունեության, արհեստների սատարման, կարողությունների բարձրացման և տուրիզմի զարգացման հանդեպ ոչ ավանդական մոտեցման կիրառման միջոցով:
«Զբոսաշրջության համաշխարհային շուկան շարունակում է մեծանալ և ընդգրկել նոր վայրեր: Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, յուրօրինակ խոհանոցը, գեղատեսիլ բնությունը և բարեհամբյուր մարդիկ դարձնում են այն առանձնահատուկ վայր»,- ասաց դեսպան Միլսը — «այսպիսով «Իմ Հայաստանը» ծրագրի նպատակն է Հայաստանը աշխարհի քարտեզում մատնանշել որպես համաշխարհային կարգի տուրիստական վայր: Մենք նախատեսում ենք ոչ միայն խթանել Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացումը, այլ նաև ընդլայնել Հայաստանի գյուղական վայրերի տնտեսական զարգացման հնարավորությունները:»
Մշակույթի պահպանման ասպարեզում Սմիթսոնյան ինստիտուտն աշխարհի տարբեր անկյուններում համայնքների հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի: Գործունեության շրջանակը ներառում է ինչպես հակամարտությունների և բնական աղետների պատճառով վտանգված մշակութային ժառանգության պաշտպանություն, այնպես և մշակութային տարբեր ոլորտների կայուն զարգացման աջակցություն:
Վերապատրաստման դասընթացների, ծրագրերի մշակման, համայնքների ներգրավման, փաստագրման և այլ միջոցներով Սմիթսոնյանի կուրատորները և ծրագրի անձնակազմը կաշխատեն հայաստանյան գործընկերների հետ` մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով նոր ռազմավարություններ մշակելու համար:
Ծրագիրը կսատարի Հայաստանի ազգային արվեստը, արհեստներն ու երաժշտությունը, կնպաստի երկրի գյուղական համայքների զարգացմանը, կբարձրացնի Հայաստանի մասին իրազեկությունը միջազգային շուկաներում, ինչպես նաև կօգնի պաշտպանել և զարգացնել Հայաստանի բնական և մշակութային ժառանգությունը:
«Զբոսաշրջությունը կարող է տնտեսական զարգացման շարժիչ ուժ հանդիսանալ` ստեղծելով նոր աշխատատեղեր հյուրանոցներում և ռեստորաններում, նպաստելով տաքսու վարորդների, հուշանվերներ վաճառողների, տուրիզմի ոլորտի ընկերություններին ապրանքներ ու ծառայություններ մատուցողների բիզնեսի աճին»,- ասաց դեսպան Միլսը — «սակայն, տուրիզմի կողմից ստեղծված եկամուտները լայնորեն տարածելու համար Հայաստանը պետք է Երևանից դուրս խարիսխային տուրիստական վայրեր ձևավորի և կապի դրանք երկրի ամբողջ լայնությամբ ու երկարությամբ ձգվող զբոսաշրջության ցանցին: Այս նոր ծրագիրը մասնագիտական աջակցություն կտրամադրի ստեղծելու նման զբոսաշրջության ցանց, որն այցելուներին կդրդի ճանապարհորդել մայրաքաղաքից դուրս և ավելի շատ գումար ծախսել երկրի մարզերում: Սա հայ ժողովրդի հետ ԱՄՆ դեսպանության համագործակցության բազմաթիվ օրինակներից մեկն է` ուղղված Հայաստանի գյուղական վայրերի տնտեսական զարգացմանը:»
Սմիթսոնյան ինստիտուտը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ աշխատելու մեծ փորձ ունի կենսաբազմազանության պահպանության, թանգարանների աշխատուժի կարողությունների զարգացման և զարգացող մշակութային հաստատությունների աջակցությանն ուղղված միջազգային ծրագրերի շրջանակներում: Երկու կազմակերպությունների միջև 2013 թվականին ամրագրված փոխըմբռման հուշագրի ներքո «Իմ Հայաստանը» ծրագիրը ներկայացնում է նոր, գործակցային մոտեցում` երկու կազմակերպությունների համատեղ ուժերով ավելի մեծ արդյունքների հասնելու նպատակով:
# # #
Սմիթսոնյան ինստիտուտի մասին
Սմիթսոնյան ինստիտուտը հիմնադրվել է 1846 թվականին: Այն աշխարհի խոշորագույն թանգարանն ու հետազոտական համալիրն է, որի կազմում են մտնում 19 թանգարաններ և պատկերասրահներ, Ազգային կենդանաբանական այգին և ինը հետազոտական հաստատություններ: Սմիթսոնյան ինստիտուտն ունի 6,400 աշխատակից, այդ թվում մոտ 500 գիտնականներ և ավելի քան 5,500 կամավորներ: 2014 թվականին Սմիթսոնյան հաստատություններ են այցելել աշխարհի մոտ 28 միլիոն մարդ, իսկ Սմիթսոնյան կայքերն արձանագրել են ավելի քան 175 միլիոն այցելություն: Սմիթսոնյան ինստիտուտի պատմական կամ գեղարվեստական արժեք ունեցող իրերի և նմուշների մոտավոր թիվը 138 միլիոն է:Սմիթսոնյանի մասին ավելին իմանալու համար այցելեք http://www.si.edu կայքը: «Իմ Հայաստանը» ծրագրի կոնտակային հասցե` myarmenia@si.edu: