ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի Հայաստանի ազգային բրենդի մշակմանը

people toasting
Դեսպան Հեֆերնը շնորհավորում է վարչապետ Սարգսյանին համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Ս.թ. փետրվարի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրեն Հիմնադրամին`Հայաստանի համար ազգային տարբերանշանի ստեղծման նպատակով:

ՀՀ Կառավարությունում կայացած ստորագրման արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Միջոցառման մասնակիցների շարքում էին նաև ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը և ԱՄՆ Առաքելության ներկայացուցիչները:

Տարբերանշանի մշակման նախաձեռնությունը համալրում է ԱՄՆ ՄԶԳ-ի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեությունը` մատնանշելով Հայաստանը աշխարհի քարտեզի վրա և իրազեկություն ապահովելով երկրի մասին` որպես այցելելու և ներդրումներ կատարելու վայր:  Գործընկերները համոզված են, որ հզոր տարբերանշանը և արդյունավետ տեղեկատվությունը էապես կօգնեն Հայաստանին` վերջինիս բացառիկ լինելը ներկայացնելով պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին և երկիրն առանձնացնելով մրցակիցների շարքում:

Գալիք ինը ամիսների ընթացքում ՀԱՄՀ-ը կհամակարգի ազգային բրենդի ստեղծման և Հայաստանի համար առաջխաղացման ծրագրի մշակման աշխատանքները:

# # #

1992 թվականից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանում հանդիսանում է առաջատար դոնոր կազմակերպություն` կառավարելով ԱՄՆ օժանդակության ծրագրի մոտ երկու երրորդը: ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը Հայաստանում  աշխատում է ՀՀ հանրության, կառավարության, հասարակական կազմակերպությունների ու բիզնեսների, ինչպես նաև այլ դոնորների հետ` Հայաստանի տնտեսական մրցունակությունը բարելավելու, քաղաքացիական մասնակցությունը և բազմատեսակ ԶԼՄ-ների հասանելիությունը խթանելու, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիությունը ավելացնելու և անապահով քաղաքացիներին աղքատությունից պաշտպանելու նպատակով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք http://www.usaid.gov/armenia:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը անկախ կառույց է, որը հիմնվել է 2008 թվականին Հայաստանի Հանրապետության Կառավարության և հայազգի առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով:Հիմնադրամի առաքելությունն է բարձրացնել Հայաստանի  ազգային մրցունակությունը տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով, ներառյալ առողջապահությունը, զբոսաշրջությունը և կրթությունը: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք http://www.cf.am: