Ինչպես մեկնել Միացյալ Նահանգներ ԱՄՆ կացության քարտի կորստյան կամ գողանալու դեպքում
Խնդրում ենք ծանոթանալ ԱՄՆ Ներգաղթի ու քաղաքացիության ծառայության կայքում զետեղված տեղեկությանը հետևելով International Travel as a Permanent Resident և Maintaining Permanent Residence հղումներին։
Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը գրին քարտի կամ մշտական կացության քարտի կորստյան, գողանալու կամ ժամկետը լրանալու դեպքում այն չի կարող տեղում փոխարինել: Փոխարինելու կամ նորը թողարկելու համար անհրաժեշտ է վերադառնալ Միացյալ Նահանգներ, կապվել Ներգաղթի և քաղաքացիության ծառայության հետ և նոր գրին քարտի ստացման դիմում ներկայացնել: Պահանջվում է լրացնել I-90, Application to Replace Permanent Resident Card ձևը և կատարել պահանջվող վճարումը: Մանրամասն տեղեկությունների համար տես՝ uscis.gov/I-90:
Այնուհանդերձ, ԱՄՆ-ից դուրս գտնվելու ժամանակահատվածով պայմանավորված՝ հյուպատոսական պաշտոնյան կարող է գրին քարտի կորստյան, գողանալու կամ ժամկետը լրանալու դեպքում տրամադրել ժամանակավոր ճամփորդական փաստաթուղթ: Այս փաստաթուղթը ԱՄՆ մշտական բնակչի կարգավիճակ ունեցող անձին հնարավորություն է տալիս փոխադրում իրականացնող ընկերությանը ցույց տալ, որ իրավասու է հասնել Միացյալ Նահանգների ցանկացած սահմանային անցակետ, որտեղ որոշում կընդունվի ԱՄՆ նրա մուտքը արտոնելու մասին: Այն ԱՄՆ մուտք գործելու կամ մուտքը պայմանականորեն թույլ տալու երաշխիք չէ: ԱՄՆ սահմանային անցակետ ժամանելուն պես Մաքսային ու սահմանապահ ծառայության պաշտոնյան կկատարի բոլոր անհրաժեշտ ստուգումները և որոշում կկայացնի տվյալ անձին ընդունելու կամ մուտքը պայմանական թույլատրելու մասին:
Որպեսզի ձեռք բերեք այս ժամանակավոր փաստաթուղթը, պետք է հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերեք Հյուպատոսական բաժնի հետ՝ գրանցվելով սպասարկման կենտրոնում հետևյալ կայքի միջոցով՝ https://ais.usvisa-info.com/en-am/iv: Մանրամասն տեղեկությունների համար տես՝ https://ais.usvisa-info.com/en-AM/iv/information/lpr_help։
Դիմում ներկայացնելու համար դուք պետք է Երևանում ԱՄՆ դեսպանատանը անձամբ հանձնեք I-131A ձևը։ I-131A-ի համար վճարումը կազմում է 360 ԱՄՆ դոլար: Այս գումարը պետք է վճարել առցանց՝ կրեդիտային կամ դեբիտային քարտի միջոցով կամ ամերիկյան բանկում ունեցած հաշվի միջոցով՝ օգտվելով USCIS-ի առցանց վճարային համակարգից: Դուք պետք է ներկայացնեք ապացույց պահանջվող վճարումը կատարելու մասին՝ վճարումը հաստատող էջի կամ ստացումը հաստատող էլ. նամակի պատճենը: Լրացված I-131A ձևի և վճարման ստացականի հետ մեկտեղ պետք է ներկայացնել գրին քարտի գողացման կամ կորցնելու ժամանակի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկանք ոստիկանությունից, ձեր անձնագիրը և 2՝ 5սմ x 5սմ լուսանկար:
ՆՇՈՒՄ։ Այս վճարման համար բացառություն չի կարող լինել: Ավելին, գումարը փոխհատուցման ենթակա չէ՝ անկախ կայացրած որոշումից:
Ժամանակավոր ճամփորդական փաստաթուղթը տրվում է 30 օր ժամկետով և նախատեսում է մուտքի մեկ հնարավորություն:
Գործընթացը սովորաբար տևում է մոտ երկու շաբաթ, որոշ դեպքերում կարող է ավելի երկար տևել: Նախքան ժամանակավոր ճամփորդական փաստաթղթի ստանալը, խորհուրդ չի տրվում ուղևորության վերջնական ծրագրեր կազմել: