“Ջրի Իդեաթոն” մրցույթ Հայաստանում

Երեվան, ՀՀ. Հայաստանը փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիր է, որը խոցելի է կլիմայական փոփոխությունների տեսակետից` իր կիսաանապատային հատկանիշների պատճառով: Հայաստանի արժեքավոր ջրի հիմնական օգտագործողներից մեկը` գյուղատնտեսությունը նաև երկրի կարևորագույն ոլորտներից մեկն է: Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի 40 տոկոսը ապահովում է Արարատյան դաշտավայրը, որտեղ բնակվում է երկրի բնակչության 18 տոկոսը:  Վերջին մի քանի տարիների ընթացքում դաշտավայրի ջրօգտագործողների, այդ թվում` տեղի ֆերմաների և ձկնաբուծարանների պատճառով ջրի մակարդակը նվազել է այն աստիճանի, որ 32 համայնքներ, որոնք նախկինում հոսող ջուր են ունեցել, այժմ ստիպված են արտամղել ստորգետնյա ջրերը: Հայաստանն ապագայում կարող է ջրային ռեսուրսների պակաս ունենալ: Ամբողջ տարածաշրջանն այժմ ջրի մարտահրավերի առջև է կանգնած. պահանջարկը շարունակ ավելանում է, մինչդեռ առաջարկը` նվազում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում, որպես Գիտության, տեխնոլոգիայի, նորարարության և  համագործակցության (STIP) ծրագրի մի մաս, ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատել է  Հայաստանին կանաչ ճանապարհ ապահովելու համար նորարարական լուծումներ  մշակելու և հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ ջրային ոլորտի վերջին նախաձեռնություններից է 24-ժամյա Ջրի իդեաթոնը` գաղափարների մրցույթ, որի միջոցով հայաստանյան և ամերիկյան գործընկերները կխրախուսեն տարբեր տարիքի և կրթության տեղացի տաղանդների նոր մոտեցումներ առաջարկել Հայաստանի ջրային ռեսուրսների մարտահրավերները լուծելու համար:

«Անհրաժեշտ են նորարարական և համատեղ ջանքեր այս  խնդիրների վատագույն ազդեցությունը կանխելու և Հայաստանի համար ջրային ռեսուրսների կառավարման կայուն ուղի ապահովելու համար,»- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, «Մեր հայաստանյան և ամերիկյան գործընկերների, այդ թվում` «Մայքրոսոֆթ»-ի, «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի, «Այ-Բի-Էմ»-ի և «Կոկա-Կոլա»-ի հետ իրականացվող այս բացառիկ ծրագրի միջոցով մենք հայաստանցիներին կհրավիրենք կիրառել իրենց գիտելիքն ու հմտությունները` երկրի ջրամատակարարման մարտահրավերները լուծելու նպատակով: Ծրագիրը նաև կօգնի Հայաստանում կարևորել ջրային ռեսուրսների կայուն համակարգի ստեղծումը:»

Հունիսի 11-12-ին կայանալիք Իդեաթոնի ընթացքում ընտրված թիմերը կհավաքվեն ԹՈՒՄՈ կենտրոնում և կունենան մոտ 24 ժամ` Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող որևէ կոնկրետ խնդրի լուծում գտնելու համար:  24 ժամ անց թիմերն իրենց գաղափարները կներկայացնեն գնահատող հանձնաժողովին, որը հաղթողներ կընտրի մրցանակային երեք անվանակարգերում: Որոշ թիմեր կդիտարկեն ՏՏ և տվյալների վերլուծության վրա հիմնված  լուծումներ: Մյուսները լուծումներ կմշակեն` օգտագործելով հանրային քաղաքականություն, կառավարության բարեփոխումներ, մեդիա նածաձեռնություններ և հանրության հետ աշխատանք: Երրորդ խումբը կդիտարկի ճարտարագիտական լուծումներ` մաթեմատիկայի, դիզայնի և էմպիրիկ վերլուծության հիման վրա: Լրացուցիչ մրցանակ կստանա նաև 14-19 տարեկան երիտասարդներից կազմված` լավագույն գաղափարի հեղինակ խումբը:

Երկուսից չորս անձից բաղկացած խմբերը հրավիրվում են մասնակցել Ջրի իդեաթոնին: ԱՄՆ ՄԶԳ-ն դիմումներ կընդունի մինչև ս.թ. հունիսի 5-ը: Միջոցառման մանրամասները և դիմումի թերթիկը հասանելի են http://tinyurl.com/Water-Ideathon և http://goo.gl/forms/uPbVQ1YcUO հղումներով:

# # #

Ջրի իդեաթոնը հայաստանյան և ամերիկյան գործընկերների նախաձեռնությունն է, որը կմոբիլիզացնի տարբեր տարիքի և տարբեր փորձառություն ունեցող  տեղացի տաղանդավոր մարդկանց` նոր մոտեցումներ առաջարկել Հայաստանի ջրային ռեսուրսների մարտահրավերները լուծելու համար: 24-ժամյա մրցույթը կազմակերպել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը` ԹՈՒՄՈ ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնի, Coca-Cola Hellenic Bottling Company Հայաստանի, Impact Hub Երևան, National Instruments, Microsoft Հայաստան-ի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հայկական ընդհանուր բարեգործական միության, IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Unicomp և Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ:  Ջրի իդեաթոնի  մասին ավելին իմանալու համար այցելեք http://tinyurl.com/Water-Ideathon, իսկ նոր տեղեկությունների համար հետևեք միջոցառման հեշթեգին` #WaterIdeathon: