Կանանց Դեմ Ուղղված Բռնության Վերացման Միջազգային Օրը

International Day for the Elimination of Violence against Women

Նոյեմբերի 25-ին աշխարհը նշում է կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրը: Այս օրը նշանավորվում է նաև իրազեկվածության բարձրացման համաշխարհային քարոզարշավի մեկնարկով, որն իրենից ներկայացնում է գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնության դեմ ուղղված 16-օրյա ակտիվ գործունեություն և անցկացվում է յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը:

Յուրաքանչյուր կին և աղջիկ ունի բռնությունից ազատ կյանք վարելու իրավունք: Այդուհանդերձ, կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների ամենածանր խախտումներից մեկը:

Զուգընկեր ունեցած կանանց գրեթե մեկ երրորդն ամբողջ աշխարհում հայտնում է, որ ենթարկվել է բռնության որևէ ձևի՝ հիմնականում իրենց մտերիմ զուգընկերոջ կողմից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կանանց սպանությունների մոտավորապես 40%-ը կատարվում է արական սեռի զուգընկերոջ կողմից, ընդ որում ամբողջ աշխարհում  3 կանանցից մեկը (35%) իր կյանքի ընթացքում ենթարկվել է ֆիզիկական բռնության:[1]

ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական տվյալներով` 2017 թվականի առաջին կեսին Հայաստանում հետաքննվել է ընտանեկան բռնության 215 քրեական գործ: Քրեական գործերի գրեթե մեկ երրորդը կապված է տղամարդկանց կողմից իրենց զուգընկերուհիների նկատմամբ գործադրված բռնության հետ: [2]

Բացի այդ, կանանց և աղջիկների դեմ ուղղված բռնությունն իրենից ներկայացնում է գենդերային անհավասարության ծայրահեղ դրսևորում, որի հետևանքով կանայք և աղջիկները զրկվում են հավասար իրավունքներից, ինչպես նաև կյանքի սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներին մասնակցելու հնարավորություններից: Նման իրավիճակը կորստաբեր է ոչ միայն անձնական, այլև ազգային մակարդակով և լուրջ հետևանքներ է ենթադրում ցանկացած հասարակության կայուն զարգացման համար: Այն ոչ միայն անդրադառնում է ցանկացած երկրի սոցիալական և տնտեսական կյանքի վրա, այլև վնասում է երկրի անվտանգությունը՝ առաջին հերթին ժողովրդագրական տեսանկյունից:

Այս մարտահրավերների հաղթահարումն արտացոլված է նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման համաշխարհային նպատակների ցանկում, որտեղ գենդերային հավասարությանը նվիրված Հինգերորդ Նպատակը ներառում է մինչև 2030 թվականը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձևերին վերջ տալու առանձին թիրախ: Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, ՄԱԿ-ի այլ անդամ պետությունների հետ մեկտեղ, պարտավորություն է ստանձնել ապահովել և իրականացնել Կայուն Զարգացման օրակարգը` որպես առանցքային առաջնահերթություն ճանաչելով գենդերային հավասարությունը և կանանց ու աղջիկների իրավազորումը՝  «չանտեսելով ոչ ոքի»:

Դրան զուգահեռ՝ Եվրոպական Միությունը և նրա անդամ պետությունները կանանց իրավունքները և գենդերային հավասարությունը համարում են իրենց արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչ: Եվրոպական Միությունն ամեն հնարավոր ջանք է գործադրում կանանց ու աղջիկների ձայնն առավել լսելի դարձնելու, նրանց իրավազորելու, ինչպես նաև ողջ աշխարհում վերջիններիս քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավունքները հաստատելու ուղղությամբ: 2016-2020թթ. Գենդերային գործողությունների ծրագիրը որպես հիմնական ուղղորդող շրջանակ է ծառայում Եվրոպական Միության գործողությունների, վերջինիս գործընկեր պետությունների, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ իր համատեղ աշխատանքի համար:

Կանանց ու աղջիկների նկատմամբ գործադրվող բռնության երևույթը շարունակում է պահպանվել ողջ աշխարհում, և Հայաստանը նույնպես զերծ չէ դրանից: Այս հարցում ՀՀ կառավարության հետևողական աշխատանքը՝ կանանց ու տղամարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու, գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնությունն ու ընտանեկան բռնությունը վերացնելու իր պարտավորության իրականացման, ինչպես նաև սեռով պայմանավորված հղիության նախապատվության և/կամ ընդհատման դեմ պայքար մղելու և նման դեպքերի կայուն կրճատում արձանագրելու համար, արժանի է գնահատանքի:

Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության պատրաստակամությունը և ընտանեկան բռնության վերացմանն ուղղությամբ ձեռնարկվող վճռական քայլերը: Սա անկասկած հրատապ խնդիր է:  Ի լրումն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերջին զեկույցի, որում յուրաքանչյուր հարցված հարյուր տղամարդկանցից 17-ը խոստովանել է, որ ֆիզիկական բռնություն է գործադրել, համաշխարհային վերլուծությունը վկայում է այն մասին, որ ընտանեկան բռնության մասին օրենքներ ունեցող երկրներում ապրող կանանց ու աղջիկներին բռնության ենթարկվելու ավելի ցածր հավանականություն է սպառնում, քան նման օրենսդրություն չունեցող երկրներում:

Մենք խրախուսում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի կողմից «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը՝ որն իր հետ կբերի նոր սոցիալական պայմանագիր՝ ստեղծելով ցանկացած բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մթնոլորտ:

Մեր բոլոր ջանքերն ուղղված են ներառական, ամուր և դիմակայուն հասարակությունների ստեղծմանը, և մենք բոլորս փորձում ենք այդ նպատակն իրականություն դարձնել նաև Հայաստանում, որտեղ չկա տեղ բռնության համար, և որտեղ ամուր արժեքային համակարգը խթանում է առավել ներառական և դիմակայուն հասարակություն:

Հղում կատարելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի համաշխարհային ուղերձին՝ մենք համատեղ գործողությունների պարտավորություն ենք ստանձնում տեղում աշխատող բոլոր դերակատարների անունից, որպեսզի կանայք ու աղջիկները Հայաստանում կարողանան ապրել ոտնձգություններից, վտանգավոր իրողություններից և բռնության այլ ձևերից զերծ պայմաններում:

[1] http://www.who.int/mediacentre/factsheets/fs239/en/

[2] http://investigative.am/en/news/view/yntanekan-brnutyun2017.html