ԱՄՆ դեսպան Միլսը բարձրաձայնում է Երևանի Ամերիկյան անկյան ընդլայնման ծրագրերը

U.S. Ambassador Mills unveils plans to expand Yerevan American Corner

Ս.թ. մարտի 2-ին Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի զարգացման գործում ունեցած իր ներդրման համար Ավետիք Իսահակյանի հուշամեդալ ստանալու արարողության ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Երևանի Ամերիկյան անկյան ընդլայնման ծրագրերի մասին:

«Թեպետ այս պարգևն ես եմ ստանում, սակայն այն հիրավի պատկանում է շատ ու շատ նվիրյալներին, ովքեր մեր գործընկերության այս տարիների ընթացքում Ամերիկյան անկյունը դարձրել են կենսական նշանակության մի ամուր կամուրջ մեր երկու երկրների և հայ ու ամերիկացի ժողովուրդների միջև,  — ասաց դեսպան Միլսը գրադարանի տնօրեն Կարապետյանից պարգևը ստանալիս, ապա հավելեց, —  միասին մենք ապահովում ենք, որ Ավ. Իսահակյանի անվան գրադարանն ու Ամերիկյան անկյունը շարունակեն մնալ այն առաջին կանգառը, ուր գալիս են իրենց գիտելիքներն ու մտահորիզոնը զարգացնել ցանկացող հազարավոր աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ ու հետազոտողներ»:

Առիթից օգտվելով՝ դեսպան Միլսը հայտարարեց Երևանի ամերիկյան անկյան ընդլայնման ծրագրերի մասին: Ամերիկյան անկյունը Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի իր ներկայիս վայրում կշարունակի գործունեությունը, իսկ Երևանի քաղաքային կենտրոնական գրադարանի Լ. Մոտալովայի անվան թիվ 33 մասնաճյուղ-գրադարանում, որը գտնվում է Կիևյան փողոցում, կսկսի գործել Ամերիկյան անկյան նոր տեխնոլաբը, որտեղ երևանցիները հնարավորություն կունենան օգտվել ժամանակակից եռաչափ տպիչներից, համակարգիչներից, էլեկտրոնային սարքավորումներից, խաղերից ու ստեղծարար գործիքներից:

«Սրանք այն ռեսուրսներն են, որ անհրաժեշտ են Հայաստանում թվային դարաշրջանի համար պահանջվող հմտությունները զարգացնելու համար: Երևանի ամերիկյան անկյան ընդլայնումը ինձ շատ է ուրախացնում, քանի որ այն աշխարհում մեր ամենաաշխույժ Ամերիկյան անկյուններից մեկն է», — ասաց դեսպան Միլսը:

Երևանի Ամերիկյան անկյունը բացվել է 2005թ.-ին և, լինելով Հայաստանում բացված առաջին Ամերիկյան անկյունը,  այն այս տարիների ընթացքում ունեցել է ավելի քան 210.000 այցելու, ովքեր օգտվել են այստեղ առկա գրքերից ու ամսագրերից, իրականացրել են առցանց հետազոտություններ, մասնակցել գործնական պարապմունքների՝ կիրառելով  ժամանակակից տեխնոլոգիաներ և բարելավել են անգլերենի իրենց իմացությունը՝ այստեղ անցկացվող դասախոսություններին, քննարկումներին ու բանավեճերին մասնակցելու միջոցով:

Ամերիկյան դեսպանատան կողմից Ամերիկյան անկյուններ են բավել Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Չարենցավանում և Կապանում: Ամերիկյան անկյունների ծառայությունները անվճար են ու բաց բոլորի համար: Ամերիկյան անկյունների ծրագրերի ու միջոցառումների մասին մանրամասների համար տես ՝  http://www.americancorners.am/:

ԱՄՆ արվեստների ազգային հիմնադրամի կողմից մարտի 2-ը նաև նշվում էր որպես Գրքի ընթերցանության օր՝ ողջ Ամերիկայով մեկ: Այս ամենամյա նախաձեռնությունը խթանում է գրքի և ընթերցանության հանդեպ սերը երիտասարդների շրջանում: Նույն օրը նաև մանկական գրքերի սիրված հեղինակ Դոկտոր Սյուսի ծննդյան օրն էր, ուստի դեսպան Միլսը մինչ պարգևատրման արարողությունը փոքրիկների համար ընթերցեց Դոկտոր Սյուսի դասական գործերից մեկը:

ԱՄՆ արվեստների ազգային հիմնադրամը խրախուսում է գրքերի ընթերցումը երեխաների համար, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ ընթերցանությամբ հետաքրքրված ու ընթերցող երեխաները դպրոցում աչքի են ընկնում առավել բարձր առաջադիմությամբ: