2014թ-ի փետրվարի 21-ին «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման» և «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրերի աջակցությամբ, հյուրընկալեց ամենամյա կենսաթոշակային երրորդ համաժողովը, որը կրում էր «Նոր կենսաթոշակային համակարգ՝ հնարավորություններ, մարտահրավերներ և ակնկալիքներ» խորագիրը։
Համաժողովին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, և Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի անդամները։ Համաժողովի մասնակիցների թվում էին նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ Ազգային Ժողովի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, մի շարք առևտրային բանկերի և ֆինանսական հաստատությունների, ներառյալ ապահովագրական, վարկային և ներդրումային ընկերությունների ղեկավարներ, ակտուարներ, գործարար համույթի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Երրորդ համաժողովն ամփոփեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մեկնարկին նախորդած 10 տարվա նախապատրաստական աշխատանքները։ Միջոցառման ժամանակ առանձնակի շեշտադրում կատարվեց կենսաթոշակային նոր օրենքի ընդունումից հետո անցած երեք տարիների արդյունքներին ու ի հայտ եկած մարտահրավերներին։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց նոր համակարգի ներդրման հիմնավորումները, դրա անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը՝ ելնելով վերջին տասնամյակաների հասարակական ու տնտեսական զարգացումներից, և դրանց ցավոտ դրսևորումները այն սերնդի համար, որը ստիպված է իր վրա կրել առաջին ծանրությունը՝ փոխելով վարքագիծ, մտածողություն:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը խոսեց կուտակային կենսաթոշակային համակարգերի ներդրման մարտահրավերների ու հեռանկարների մասին և նշեց, որ ԱՄՆ Կառավարությունը պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ կատարվող ջանքներին։ Նա կարևորեց հանրային իրազեկման նախաձեռնությունների և Հայաստանի Կառավարության կողմից Հայաստանի քաղաքացիներին բարեփոխման մանրամասների հանգամանորեն ներկայացնելու անհրաժեշտությունը։
Համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ Կենտորնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, ներկայացնելով նոր համակարգի գործարկման մեխանիզմները, ապահովման երաշխիքները, օրենսդրական սահմանափակումներն ու պետական վերահսկողության լծակները։
Սեփական քաղաքականությունը բացահայտող շնորհանդեսներով հանդես եկան նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ՝«Ամունդի» և «Ց կվադրատ» ակտիվների կառավարիչների ներկայացուցիչները։
Դեսպան Հեֆերնի ելույթի ամբողջական տեքստը (PDF 235 KB)