Այս տարի ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների անկախության օրը տոնում է զայդեկո երաժշտության բացօթյա անվճար համերգով. հուլիսի 4-ին ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում իր կենսուրախ ու ինքնատիպ երաժշտությամբ հանդես կգա Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս խումբը:
Զայդեկո երաժշտությունը սկիզբ է առել Լուիզիանայում, որտեղ տեղի կրեոլ ֆրանսիացիների մշակույթն ու ավանդույթները միախառնվել են աֆրոամերիկացիների բլյուզի ու ջազի հետ: Այն աչքի է ընկնում իր արագ տեմպով և ակորդեոնի լայն կիրառմամբ: Բացի այդ, այս երաժշտությունը ճանաչելի է նաև չժանգոտվող պողպատյա ակոսավոր թիթեղից պատրաստվող հարվածային մի ինքնատիպ գործիքի՝ «լվացքի տախտակի» կիրառմամբ, որը տեսքով հիշեցնում է հնում կիրառվող լվացքի մզման տախտակը:
«Շատ ու շատ առումներով զայդեկոն ամերիկյան ոգու մարմնավորումն է արտահայտված երաժշտության միջոցով: Այն մեկտեղում է տարբեր ավանդույթներ, տարբեր հնչյուններ, տարբեր ձայներ ու մեղեդիներ՝ ստեղծելով կենսուրախ ու աշխույժ մի բան, որը նոր է, ուշագրավ ու հուզիչ: Եվ դա հենց այն է, ինչ ամենալավն է ստացվում Ամերիկայում», — ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով ծնունդով Լուիզիանայից է:
Գրեմմի մրցանակի առաջադրված Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս խումբը ղեկավարում է «ամերիկացի ամենակրքոտ ակորդեոնահար» Դուեյն Դոպսին, ում հայրը՝ Ռոքին Դոպսին զայդեկո երաժշտության առաջամարտիկներից էր: Խումբը արժանացել է բազմաթիվ պարգևների, իսկ 2018թ. առաջադրվել է Գրեմմի մրցանակի՝ ավանդական ամերիկյան երաժշտության լավագույն ալբոմի անվանակարգում: Խումբը հանդես է եկել 20 տարբեր երկրներում և հայտնի է իր աշխույժ ու ազդեցիկ կատարումներով: Նրանց համերգը Երևանում կազմակերպվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ:
Մինչ Գաֆէսճեան քանդակների պարտեզում բացօթյա համերգը երաժիշտները հուլիսի 4-ին ժամը 17:00 բաց հանրային քննարկում կանցկացնեն ՀԲԸՄ-ի գրասենյակում (հասցեն Մելիք Ադամյան 2/2)՝ ներկայացնելու իրենց երաժշտությունն ու ինքնատիպ երաժշտական գործիքները և օգնելու, որ Հայաստանում ավելի լավ հասկանան զայդեկո երաժշտությունը: Ինչպես նույն օրը երեկոյան նախատեսվող համերգը, այնպես էլ այս հանդիպումը բաց է բոլոր հետաքրքրվողների համար:
* * *
Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս
https://www.dwaynedopsie.com/
Հանրային քննարկում զայդեկո երաժշտության վերաբերյալ — հուլիսի 4-ին, ժամը՝ 17:00, ՀԲԸՄ գրասենյակ, հասցեն՝ Մելիք Ադամյան 2/2
Բացօթյա անվճար համերգ — հուլիսի 4-ին, ժամը՝ 20:00, Գաֆէսճեան քանդակների պարտեզ (Կասկադ)